03ՀՍՀակոբ ՍրապյանԲանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս

Սրապյանի խոսքը

Նվիրական առաքելության ասպետը

Տարիների հեռվից երբ հայացք եմ նետում Գևորգ Ներսիսյան ազնվազարմ հայորդու անցած ճանապարհին, նրա ծավալած ազգանվեր գործունեությանը, ինձ այնպես է թվում, թե ծննդյան պահին Աստված համբուրել է վաղեմի ընկերոջս ճակատն ու օրհնությամբ օծել նրա լույս աշխարհ գալը։ Ներքին համոզում ունեմ ու նաև վստահ եմ, որ նույն կերպ են ճանաչում պայծառամիտ բարեկամիս՝ նրան մոտիկից ճանաչողները, քաջ ծանոթ են առաջին հայացքից «ֆանտաստիկ» թվացող նրա նախաձեռնություններից շատերին, կյանքի կոչած ու դեռ կոչվելիք ծրագրերին, մտահղացումներին, մտքի թռիչքին։ Ասվածի վկայություններից առաջինը նրա հեղինակած «Նոյյան Տապան» համաշխարհային մշակութային կենտրոն նախագիծն էր, որով սքանչացած էին ժամանակի մեր գրեթե բոլոր մեծավաստակ ու համբավավոր դեմքերը, մշակութային գործիչները, հայ հանճարի գենը ցոլացնող անհատներ։ Հիշատակելի է նաև նրանց աջակցությունը, որպեսզի երկրի ամենավերին ատյաններում կարևորեն ու ընթացք տան դեռևս 1990 թվականին արարված «Նոյյան Տապան» ծրագրի իրագործմանը, ինչը, թերևս, կնշանակեր աշխարհի ութերորդ հրաշալիքի ծնունդը աստվածաշնչյան Հայոց հողում։ Եվ սա թող չափազանցություն չթվա ընթերցողին․․․ Հուսով եմ, ժամանակը կգա և կհաստատվի ասվածը։

Իսկ տարիներն անցնում էին։ Ինչպես ազգընտիր բյուրավոր հայորդիների, ճակատագիրը Գևորգ Ներսիսյանին ևս օտար հանգրվան էր հասցնելու։ Հասցնելու էր, բայց ո՛չ հազարավորների նման հանգիստ ու ապահով կյանքով ապրելու մղումից դրդված։ Բնավորությամբ անհանգիստ, անելիքների ծարավ հայորդին հաստատվելով Ֆրանսիայում, 2019 թվականին Փարիզում հիմնում և գրանցում է «Աշխարհի Տապան» միությունը, որն՝ ի թիվս բազմաթիվ համահայկական և համամարդկային տարաբնույթ ծրագրերի, հանդես է գալիս նաև «Մերսի» անվանումը կրող ծրագրով։ Այն վերաբերում է օտարերկրյա այն բոլոր մարդկանց, ովքեր հայ ժողովրդի համար ճակատագրական օրերին անշահախնդրորեն իրենց փրկարար օգնության ձեռքն են մեկնել՝ երբեմն վտանգելով սեփական կյանքը։ Ինչպես ընդգծվում է ծրագրում՝ դրա նպատակն է մեկտեղել բոլոր այն մարդկանց անուններն ու կատարած գործերը, որոնք հայտնի են կամ դեռ հայտնի չեն հայ հանրությանը։ Այդ փաստերը հնարավորություն կտան մեզ նորովի արժևորելու այն ամենը, ինչ արել են այդ անձիք մեր ժողովրդի համար, հիշելու և արժանվույնս գնահատելու նրանց խիզախությունը, նվիրվածությունը, մարդասիրությունը, իրենց առաքելության վեհությունը։ Եվ, ինչպես վկայում է «Նվիրյալներ» գրքի հեղինակ՝ նույն ինքը՝ Գևորգ Ներսիսյանը, նրանք բազումք են, բազմազգ և աշխարհով մեկ սփռված․ «Այս պահին մեր ունեցած տվյալներով,- գրում է նա,- շուրջ 45 երկրներից 800-ից ավել օտարերկրացիներ, և մենք ոչ միայն պետք է հիշենք նրանց բոլորին, այլև պարտավոր ենք հետամուտ լինելու, թե ինչ ճակատագրի են արժանացել նրանք, որտե՞ղ են թաղված, արդյո՞ք ունեն գերեզմաններ թե ոչ, քանզի արդեն հայտնի է առնվազն մեկ դեպք, երբ որբերին խնամած և փրկած միսիոները, գերեզմանատեղիի համար վճարված չլինելու պատճառով, զրկվել է գերեզմանից»։ Խոսքը Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի մոտակայքում գտնվող Վալդվիմեսբախի միսիոներական գերեզմանոցում թաղված էստոնուհի Աննա Հեդվիգ Բյուլի՝ ինչպես որբերն են անվանել ՝ Բյուլ Մայրիկի մասին է, որի գերեզմանը «Աշխարհի Տապան» միության, Գերմանիայում ՀՀ Դեսպանատան և Գերմանիայում Հայոց հոգևոր թեմի առաջնորդ Սերոբվե Սրբազանի համատեղ ջանքերի շնորհիվ, հնարավոր եղավ վերականգնել․․․

«Նվիրյալներ» նախադեպը չունեցող մեծարժեք գրքին դեռ կանդրադառնանք, իսկ այժմ կարևորենք այն հանգամանքը, որ «Աշխարհի Տապան» միության «Մերսի» ծրագրում ընդգծվում և առաջարկվում է հայտնաբերված բոլոր մարդասեր-նվիրյալների հիշատակը հավերժացնելու, նրանց ժառանգներին մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնելու, ինչպես նաև նրանց սխրանքը մեր սերունդներին փոխանցելու համար, հուշահամալիր կառուցել Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում, որտեղ 20-րդ դարասկզբին ապաստան տրվեց տասնյակ հազարավոր որբերի, և Գյումրին հայտնի դարձավ նաև որպես «որբաքաղաք» անվամբ։ Ավելին․ ծրագրում առաջարկվում է նաև, որպեսզի ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվի և ՀՀ ազգային տոնացույցի մեջ ավելացվի «Հիշատակի և երախտագիտության օր» հավելվածը։ Խորապես տրամաբանական և ազգաշահ առաջարկ հայրենի իշխանությանը, որի ընդունումից հետո Գյումրին ուխտատեղի կդառնա մարդասեր հանրության համար․ ամեն տարի այդ օրը այցի կգան, ծաղիկներ կխոնարհեն և իրենց երախտագիտությունը կհայտնեն ՀՀ պաշտոնատար անձիք, հոգևորականներ, քաղաքացիներ, հյուրեր և, անշուշտ, այն երկրների դեսպանները, որոնց քաղաքացիներն են եղել տվյալ անձիք։ Շատ խորհրդանշական կլինի միսիոներների ժառանգների ներկայությունը։ Այդ նույն օրը բոլոր այն երկրներում, որտեղ հանգչում են բարեսերները, տեղական իշխանությունների ներկայացուցիչների, ՀՀ Դեսպանների, Հայոց հոգևոր թեմի անդամների և միսիոներների ժառանգների մասնակցությամբ, տվյալ երկրում բնակվող մեր հայրենակիցները, որոնց գերակշիռ մասը կազմում են բարեսերների ջանքերով փրկված որբերի ժառանգները, իրենց երախտիքը հայտնելու համար կայցելեն նրանց հիշատակին կանգնեցրած հուշաքարերին, կխնկարկեն նրանց և կխոնարհվեն այդ պայծառ հոգիների հիշատակի առաջ։ Եվ սա կլինի աշխարհասփյուռ հայության համախմբվածության նոր փորձ, իսկ մեր ժողովրդին բնորոշ մարդկային անկորնչելի արժեքների ճշմարիտ դրսևորում։ Նկատենք որ՝ եթե ամեն տարի աշխարհի ողջ հայությունը Ապրիլի 24-ին համախմբված կերպով նշում և դատապարտում է մեր ժողովրդի հանդեպ Ցեղասպանություն գործած ճիվաղներին, ապա այդ օրը նույն համախմբվածությամբ մենք նորովի կներկայանանք համաշխարհային հանրությանը՝ փաստելով, որ անգամ մեր անանց ցավի մեջ չենք մոռանում, ի խորոց սրտի, մեր երախտիքի խոսքը հայտնել նախադեպը չունեցող այդ դժոխքից մեզ փրկողներին։

Չմոռանանք հիշատակել կարևոր ևս մեկ հանգամանք․ միությունն իր կայքում «Մերսի» ծրագրին հատկացրել է առանձին էջ, որտեղ կհավաքվեն և կտեղադրվեն բոլոր այս մարդկանց կենսագրությունները, նրանց առաքելությունն ու նվիրական գործերը։ Այս էջի միջոցով փորձ կարվի համախմբել փրկված բոլոր որբերի սերունդներին․ չէ՞ որ նրանք, ճակատագրի բերումով, գրեթե նույն ընտանիքի ժառանգներն են։ Բնավ չի բացառվում, որ մահապուրծ որբերից շատերն ունենան գրառումներ, հուշատետրեր, օրագրեր, որոնք կարող են նոր լույս սփռել անցած դարասկզբին կատարված վայրագությունների՝ մեր ունեցած տեղեկությունների վրա։ Իսկ որքան պատշաճ կլինի և արդյունավետ, եթե ՀՀ հանրային հեռատեսիլով միսիոններներին և նրանց նվիրական գործունեությանը նվիրված հաղորդաշար ստեղծվի։ Հուսանք, որ այդպես կլինի, իսկ անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում, միությունը մտադիր է նկարահանել ֆիլմաշարք՝ նվիրված վեհանձն այս մարդկանցից յուրաքանչյուրին, դրանք ցուցադրել հանրային հեռատեսիլով, ինչպես նաև թարգմանել այն ժողովրդի լեզվով, որի ներկայացուցիչն է եղել տվյալ անձը, և այն ցուցադրել իր իսկ հայրենիքում։ Այս ամենն իրողություն դառնալու դեպքում, միայն մտովի կարելի է պատկերացնել մեր ժողովրդի համար խիստ շահեկան արձագանքը մոլորակի տարբեր հորիզոնականներում․․․

Այժմ մի քանի խոսք Գևորգ Ներսիսյանի տառապագին աշխատանքի արդյունք «Նվիրյալներ» խորագրով գրքի մասին․ թերևս պատմաբան-մասնագետներին առավել, քան ինձ են հայտնի հեղինակներ, ովքեր գրել-անդրադարձել են Հայոց Մեծ Եղեռնից փրկած հայ որբուկներին երկրորդ կյանք պարգևած մարդասեր-միսիոներներին, տարբեր երկրներում ծավալած նրանց գործունեությանը, սակայն այն առաքելությունը, որ ստանձնել և իրականացրել է «Նվիրյալներ»-ի արժանապատիվ հեղինակը, կարող ենք վստահաբար փաստել, որ հիրավի նախադեպը չունեցող երևույթ է այս բնագավառում։ Շատ բան արվել է, այո, շատերն են գրել, բայց դրանք առանձին-առանձին անդրադարձեր են, բայց ո՛չ երբեք գրեթե համամարդկային-համընդհանուր ընդգրկմամբ։ Գևորգ Ներսիսյանի երկհատորյակը 280 միսիոներ-մարդասերների մասին է՝ չորս տասնյակն անցնող երկրներից։ Հեղինակն ինչպե՞ս է կարողացել հայտնաբերել տարբեր մասնագիտությունների տեր այդ անձնուրաց մարդկանց, թերևս միայն իրեն է հայտնի, քանզի գրքում կան անուններ, որոնց անգամ ամենազոր համացանցում չես գտնի։ Մեղվաջան աշխատանք, խիզախ ձեռնարկում, անքուն գիշերների, աներևակայելի դժվարությունների հաղթահարման արդյունք։ Այս առումով նվիրյալների շարքում դասվող անուն է նաև ինքը՝ 1967 թվականի հուլիսի 13-ին, բիբլիական Արարատ լեռների ստորոտում գտնվող Հայաստանի Հանրապետության Արարատ քաղաքում, ազգին որպես պարգև լուսաշխար եկած Գևորգ Ներսիսյանը, որի ծնողները 1947 թվականին ներգաղթել են Հունաստանից։ Ի դեպ, Գևորգ Ներսիսյանի պապերը նույնպես կորուսյալ Էրգրից են, և նույնպես Ցեղասպանությունից փրկվածներ։

Գևորգ Ներսիսյանը ուսանել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Երևանի Կոմիտասի անվան Պետական Երաժշտանոցում։ Ծառայել է խորհրդային բանակում և տակավին երիտասարդ տարիքում՝ 1991 թվականին, Արարատի քաղաքային Պատգամավորների նախաձեռնությամբ, ընտրվել և մինչև 1994 թվականի վերջ աշխատել է ծննդավայր քաղաքի գործադիր կոմիտեի մշակույթի բաժնի վարիչ։ Համաքաղաքացիներն առ այսօր էլ պետք է որ հիշեն, թե իրենց սիրելի քաղաքը մշակութային ինչպիսի վերելք ունեցավ, ինչպիսի աշխուժություն էր տիրում փոքրիկ քաղաքի մշակութային օջախներում, ինչպիսի հանդիպումներ և միջոցառումներ էին կազմակերպվում Արարատ լեռան ներքո՝ սահմանամերձ Արարատ քաղաքում, այլն էլ պատերազմական ժամանակներում։

Ինձ համար կատարյալ հայտնություն էր Գևորգ Ներսիսյանը նաև որպես․․․ իմաստախոս։ Բոլոր նրանք, ում բախտ է վիճակվել ծանոթանալու նրա «Հրաժեշտ դժոխքին» աֆորիզմների գրքին, պիտի որ սքանչացած լինեն նրա անբավ իմաստասիրությամբ, մտային սևեռումներով, անսխալական աշխարհաճանաչողությամբ։ Բազմիմաց ու պատկառելի անհատականություն, ով հանգրվանելով բարեկամ երկիր Ֆրանսիայում, տիրապետելու էր ֆրանսերեն լեզվին, ուսանելու էր Վերսալի համալսարանի մագիստրատուրայում՝ պաշտպանելով դիպլոմ «Մաստեր 2», վերահրատարակելու էր աֆորիզմների իր գիրքը ֆրանսերենով։ Հիրավի զարմանալի կենսագրություն, հայրենապաշտ հայ մարդու նպատակասլաց և անընկճելի տեսակ, որի հանդեպ իմ խորհին հարգանքը վաղուց ի վեր վեր է ածվել հպարտության։ Թող երիցս օրհնալ լինի նրա ազգաշահ առաքելությունը, եռանդը՝ մշտանորոգ, քանզի, տարաբնույթ ծրագրերից բացի, շարունակվելու է «Նվիրյալներ»-ի «հաղթարշավը»․ հեղինակն արդեն սկսել է իր աշխատանքները «Նվիրյալներ» ժողովածուի երրորդ հատորի վրա, ինչպես նաև հայտնաբերել է ամերիկացի միսիոներների ևս մեկ բույլ և մտադիր է այս մարդկանց անմահացնել առանձին գրքով։ Նման մի գրքով էլ հետագայում կանդրադառնա հայ միսիոներներին, ովքեր նույն առաքելությունն են ունեցել։ Այնպես որ, անսպառելի այս դաշտում (և ոչ միայն այս) անելիքներ դեռ շատ կան։

Ինձ մնում է լեռնցու առողջություն մաղթել գաղափարակից իմ գրչեղբորը, ազգապաշտ հայորդուն, որի նմաններով է, որ ազգը ներկայանում և ճանաչվում է համամարդկային ընտանիքում․․․

Արևոտ ողջույններ և աստվածային օրհնություն նվիրական առաքելության ասպետին։

ՀՍՀակոբ Զավենի ՍրապյանԲանաստեղծ, արձակագիր, հրապարակախոսՀՀ Գրողների և Ժուռնալիստների միությունների անդամ«Աշխարհի Տապան» միության պատվավոր անդամ
← Ժողովածու