02ԱՄԱրմեն ՄարուքյանՊատմագիտության դոկտոր, պրոֆեսոր

Պատմաբանի խոսքը

Տքնանքով հյուսված մատյաններ

Թուրքական տարբեր վարչակարգերի կողմից XIX դարի վերջին սկզբնավորված և XX դարի սկզբներին շարունակվող հայերի ցեղասպանության քաղաքականության պայմաններում մեզ հայտնի և անհայտ մարդասեր բյուրավոր գործիչների շնորհիվ մի շարք երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, սկանդինավյան երկրներում, Ռուսաստանում և այլուր առաջ եկան հայասիրական շարժումներ, հիմնադրվեցին տարաբնույթ կազմակերպություններ: Այդ շարժումներն ու կառույցները, ըստ էության, հայ ժողովրդի ու միջազգային հանրության միջև յուրատեսակ կամուրջների դեր էին կատարում՝ ջանալով իրենց հնարավորությունների սահմաններում սատարել ծանրագույն կացության մեջ հայտնված մեր ժողովրդին, ինչպես նաև միջազգային հանրությանն իրազեկել հայությանը պատուհասած սպառնալիքների ու մարտահրավերների մասին:

Գևորգ Ներսիսյանի աշխատասիրությամբ հրատարակված «Նվիրյալներ» խորագիրը կրող երկհատոր ժողովածուներում ընդգրկված են տարբեր երկրներից օտարազգի այն գործիչները, ովքեր հայ ժողովրդի համար ճակատագրական պահերին իրենց օգնության ձեռքն են մեկնել՝ փորձելով մեղմել Հայոց ցեղասպանության սոսկալի ծանր հետևանքները: Երկհատորյակում ներկայացված են 1894-1924 թթ. հայ ժողովրդին իրենց անձնուրաց ծառայությունները մատուցած այլազգի գործիչների համառոտ կենսագրություններն ու նրանց ծավալած հայանպաստ գործունեությունը։

Ժողովածուն կազմող Գևորգ Ներսիսյանին հաջողվել է գիտահանրամատչելի ձևով ներկայացնել 45 երկրներից 300 հայասերների (յուրաքանչյուր հատորում 150 գործիչներ) մարդասիրության բացառիկ դրսևորումները, որոնց արդյունքում էր, որ հետագայում պետք է ձևավորվեր այսօրվա սփյուռքը։ Անշուշտ, այդ գործիչների շարքը շարունակելի է, և ողջունելի է, որ այդ ուղղությամբ պրպտումները շարունակվում են։ Ներսիսյանի կողմից հայասեր այլ գործիչների վերաբերյալ նյութերի հավաքման և համակարգման աշխատանքներ են կատարվում, որոնք ավարտին հասցնելուն պես կհրատարակվեն հերթական հատորներով:

Ժողովածուի հատորներում հայասեր գործիչները դասակարգվել են ըստ որոշակի չափանիշների: Առաջին հատորում առանձնացվել են օտարերկրյա այն գործիչները, ովքեր ցեղասպանության ընթացքում անմիջականորեն գտնվում էին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերում: Տվյալ հատորում ընդգրկված միսիոներները, որբախնամները, բժիշկները և հիվանդապահները, հաճախակի վտանգելով սեփական կյանքը, իրենց ուժերի սահմաններում ոչինչ չէին խնայում բնաջնջումից փրկելու հայ որբերին և գաղթականներին։ Երկրորդ հատորում ներառված են այն գործիչները, ովքեր թեև հայերի զանգվածային բնաջնջման ժամանակ Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում չեն գտնվել, սակայն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայերի դեմ իրագործվող հանցավոր քաղաքականության դեմ՝ կոչ անելով իրենց երկրների իշխանություններին և միջազգային հանրությանը ճնշում գործադրել թուրքական իշխանությունների վրա՝ այդ հանցագործությունները դադարեցնելու նպատակով: Տվյալ հատորում տեղեկություններ են պարունակվում Կարմիր Խաչի կամավորների, գրողների և լրագրողների, ուսուցիչների, պատմաբանների և լեզվաբանների, արվեստագետների և լուսանկարիչների, պետական, քաղաքական ու կրոնական գործիչների, դիվանագետների և զինվորականների, բարերարների և գործարարների կենսագրության ու նրանց ծավալած հայանպաստ գործունեության մասին։

Ժողովածուի մեջ ներառված են ինչպես հայտնի, այնպես էլ շատերին անհայտ անձիք, որոնց հայ ժողովրդին մատուցած ծառայություներն անուրանալի են։ Նրանցից ոմանք մեր ժողովրդի հետ կիսեցին մեր դաժան ճակատագիրը և սպանվեցին թուրքերի կողմից, որոշներն էլ հայ որբերին և փախստականներին խնամելիս մահացան տիֆի վարակից և այլ հիվանդություններից։ Հայ ժողովրդի հետ կատարվածին ականատես լինելով, գրեթե բոլորը ծանր հոգեկան ապրումներ ունեցան, նրանցից ոմանք երկարատև բուժում անցան` մինչև իրենց կյանքի վերջ կրելով ցեղասպանության խենթացնող հիշողությունները։ Միսիոներներից շատերն իրենց հայրենիք վերադառնալուց հետո հրաժարվեցին միսիոներական ծառայությունից։

Կատարված հսկայածավալ աշխատանքի արժանիքների շարքում անհրաժեշտ է ընդգծել նաև այն, որ հեղինակի կողմից նշվել են այն աղբյուրները, որոնցից քաղվել են տեղեկությունները: Հատկանշական է, որ ժողովածուի հատորներում զետեղված են գրեթե բոլոր գործիչների լուսանկարները, որոնց մի մասը բացակայում է հասանելի աղբյուրներում: Երկհատորյակի էջերում զետեղված են նաև լուսանկարներ հայերի զանգվածային կոտորածներից, Արևմտյան Հայաստանի քաղաքներից ու տեսարժան վայրերից, ինչպես նաև որոշ կարևոր փաստաթղթեր և հրատարակված գրքերի շապիկներ։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020 թ․ պատերազմից, Հայաստանի հետ Արցախը կապող միակ «կյանքի ճանապարհը»՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը փակելու միջոցով հայ բնակչությանը շուրջ տաս ամիս շրջափակման մեջ պահելուց և 2023 թ․ սեպտեմբերի 19-ին միայնակ մնացած Արցախի դեմ ձեռնարկված հերթական ռազմական ագրեսիայից ու հայ բնակչության նկատմամբ իրականացված ռազմական հանցագործություններից, էթնիկ զտումից և Արցախի հայաթափումից հետո «Նվիրյալներ» աշխատության հրատարակումը զուտ տեղեկատվական-քարոզչական բնույթից բացի ձեռք է բերում նաև գիտաքաղաքական նշանակություն։ Սույն աշխատությունը յուրատեսակ ուղերձ կարող է դառնալ ներկայումս աշխարհում գործող բազմաթիվ ու տարաբնույթ մարդասիրական կազմակերպություններին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով հայ ժողովրդի և մասնավորապես արցախահայության ներկայիս ծանր վիճակին՝ ստիպելով զբաղվել վերջիններիս խախտված իրավունքների պաշտպանության հարցերով` արձանագրելով, որ հայ ժողովուրդը մշտապես եղել ու մնում է երախտապարտ այն գործիչներին, ովքեր դժվարին պահերին օգնության ձեռք են մեկնում քրիստոնեական արժեքները պահպանող և բարձր քաղաքակրթություն ունեցող մեր ժողովրդին։

Այս առումով չափազանց կարևոր է, որ ինչպես «Նվիրյալների» ժառանգներին, այնպես էլ նրանց ներկայացրած երկրներին հայ ժողովրդի երախտագիտության խոսքը լիարժեք հասցնելու նպատակով ժողովածուի կազմող-հեղինակը նպատակադիր է այն հրատարակել տարբեր լեզուներով: Հատկանշական է նաև, որ նախատեսված է տվյալ հատորների շնորհանդեսների կազմակերպումը, ինչպես նաև հուշաքարերի տեղադրումը բոլոր այն երկրներում, որոնցից ծնունդով են կամ որոնց քաղաքացի են հանդիսացել հատորներում ընդգրկված հայասեր գործիչները: Իսկ ժամանակին որպես որբաքաղաք հայտնի Գյումրիում կառուցվելիք հուշահամալիրը, որը հայ ժողովրդի հարգանքի և հավաքական երախտագիտության կենտրոնի խորհուրդ կունենա, կգա ամբողջացնելու «Նվիրյալներ» գրքի առաքելությունը։

ԱՄԱրմեն ՄարուքյանՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր
← Ժողովածու