MERCI program

Համահայկական և Համամարդկային ծրագիր

The full program text is currently available in Armenian only; an English version is being prepared.

ԱՆերածություն

«MERCI» նախագիծը, որը հավակնում է դառնալ համահայկական և համամարդկային ծրագիր, բաղկացած է մի քանի փուլերից, որի 1-ին փուլը ներառում է 1894-1924 թվականները և վերաբերում է բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր հայ ժողովրդի համար ճակատագրական պահերին իրենց օգնության ձեռքն են մեկնել, երբեմն վտանգելով նաև իրենց սեփական կյանքը։ Ծրագիրը նախատեսում է համախմբել բոլոր այն մարդկանց անուններն ու կատարած գործերը, որոնք հայտնի են և կամ դեռ հայտնի չեն մեր հանրությանը։ Այդ փաստերը հնարավորություն կտան մեզ նորովի արժևորելու այն ամենը, ինչ արել են այդ մարդիկ մեր ժողովրդի համար, հիշելու և ըստ արժանվույն գնահատելու նրանց խիզախությունը, նվիրվածությունը, մարդասիրությունը, նրանց առաքելության վեհությունը։ Իսկ այդ մարդիկ բազմաթիվ են, բազմազգ և աշխարհով մեկ՝ այս պահին մեր ունեցած տվյալներով շուրջ 50 երկրներից 2.000 օտարերկրացիներ։ Եվ սա՝ առայժմ, քանզի արխիվային նյութերի հետագա ուսումնասիրություններից պարզ կդառնան նորանոր անուններ և այս թվերը կարծում ենք կավելանան։

Ծրագրի հետագա փուլերում կներառվեն 1924 թվականից մինչ մեր օրերն ընկած ժամանակահատվածում մեր ժողովրդին աջակցած բոլոր բարեսերների անուններն ու գործունեությունը։

Մենք ոչ միայն պետք է հիշենք նրանց բոլորին, նաև պարտավոր ենք հետամուտ լինելու թե ի՞նչ ճակատագրի են արժանացել նրանք, որտե՞ղ են թաղված նրանք, արդյո՞ք գերեզման ունեն, թե՞ ոչ, քանզի արդեն հայտնի է դեպք, երբ հայ որբերին խնամած և փրկած միսիոները գերեզմանոցի համար վճարված չլինելու պատճառով զրկվել է գերեզմանից։ Խոսքը Գերմանիայի Հայդելբերգ քաղաքի մոտակայքում թաղված Աննա Հեդվիգ Բյուլի (ինչպես որբերն էին անվանում՝ Բյուլ Մայրիկի) մասին է, որի գերեզմանը մեր միության, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան պարոն Սմբատյանի և Գերմանիայի հայոց հոգևոր թեմի առաջնորդ Սերոբվե Սրբազանի համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել։ Գրեթե կորսման եզրին է մեկ այլ միսիոների, բոլորին քաջ հայտնի շվեյցարացի բժիշկ Յակոբ Կյունցլերի գերեզմանը, ով իր կնոջ՝ Էլիզաբեթ Բենդերի հետ միասին շուրջ 8.000 հայ որբեր փրկեցին եղեռնից։

ԲՆպատակը / նպատակները

Ծրագրի իրականացման նպատակն է վերականգնել այն բոլոր մարդկանց (հետայսու՝ «Նվիրյալներ») անուններն ու գործը, ովքեր հայ ժողովրդի համար ճակատագրական պահին անտարբեր չմնացին մեր ցավին և իրենց անմիջական մասնակցությամբ, երբեմն վտանգելով իրենց սեփական կյանքը, կարողացան փրկել հազարավոր կյանքեր։ Նրանցից շատերը վարակվեցին տարբեր հիվանդություններով, ոմանք սպանվեցին, ոմանք էլ մնացին անշիրիմ։ Իսկ նրանք, ովքեր ողջ մնացին, գրեթե բոլորն էլ՝ իրենց տեսած սարսափելի տեսարանների պատճառով, հոգեկան ծանր ապրումներ ունեցան, որոնք նրանց ուղեկցեցին մինչև իրենց կյանքի ավարտը։

Ծրագրի իրականացումը նպատակ ունի նաև՝

  1. Հիշել բոլոր «Նվիրյալների» խիզախությունն ու մարդասիրությունը, անմահացնել նրանց հիշատակը և փոխանցել հաջորդ սերունդներին։
  2. Սերմանել հարգանքի և գնահատման մշակույթ բոլոր բարի և ազնիվ գործեր իրականացրած և իրականացնող մարդկանց հանդեպ, անկախ իրենց ազգությունից։
  3. Նորովի ներկայանալ համաշխարհային հանրությանը՝ որպես հավաքական ազգ, ով անգամ 100 տարի հետո, չնայած իր ցավին և առկա դժվարություններին, ոչ միայն դատապարտում է ոճրագործներին, այլև երբեք չի մոռանում իրեն օգնած բարեսերներին։
  4. Նպաստել, որպեսզի «Նվիրյալների» անուններն ու գործը հայտնի դառնա նաև համաշխարհային հանրությանը և ջանքեր գործադրել, որպեսզի իրենց երկրներում այս թեման պարբերաբար լուսաբանվի և ընդգրկվի դպրոցական դասագրքերում։
  5. Մշտական կապ հաստատել «Նվիրյալների» ժառանգների հետ, նրանց առաջարկել միավորվելու և հիմնելու «Նվիրյալների Ժառանգներ» միություն, շարունակել իրենց նախնիների անգնահատելի գործը, այս անգամ արդեն նորովի և այլ պայմաններում։
  6. Ծրագրի «merci-honor.com» անունը կրող կայքէջում բացել որբանոցների անվանումներով միություններ և համախմբել բոլոր փրկված որբերի սերունդներին՝ չէ՞ որ նրանք գրեթե նույն ընտանիքի ժառանգներն են։

ԳԹիրախը

«Հիշատակի և երախտագիտության օր»։ Առաջարկել ՀՀ Կառավարությանը փոփոխություն կատարել ՀՀ տոների և հիշատակի մասին ՀՀ օրենքում՝ ավելացնելով «Հիշատակի և երախտագիտության օր» և այն նշել յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ ծնվել կամ թաղված են բարեսերները ։

Արդարացումը՝

Ծրագիրը կարող է հանդիսանալ համախմբվածության յուրատեսակ օրինակ և մեր ժողովրդի մարդկայնորեն բարձր արժեքների հերթական և ճիշտ դրսևորում։ Եթե աշխարհի ողջ հայությունը ապրիլի 24-ին համախմբված կերպով դատապարտում է մեր ժողովրդի հանդեպ ցեղասպանություն գործածներին, ապա հիշատակի օրը նույնքան համախմբված և միակամ նորովի կներկայանանք համաշխարհային հանրությանը, փաստելով, որ անգամ մեր ցավի մեջ մենք չենք մոռանում մեր երախտիքի խոսքը հայտնել այդ դժոխքից մեր հազարավոր բեկորներին փրկողներին։

Որոշման ընդունումից և հուշահամալիրի բացումից հետո ամեն տարի այդ օրը այցի կգան և ծաղիկներ կխոնարհեն, և իրենց երախտագիտությունը կարտահայտեն ՀՀ պաշտոնատար անձիք, հոգևորականներ, քաղաքացիներ, հյուրեր և այն երկրների դեսպանները, որոնց քաղաքացիներն են եղել տվյալ անձիք։ Հուշահամալիրի հուշապատի վրա գրված կլինեն բոլոր բարեսերների անունները՝ իրենց ծննդյան երկրների անվան տակ։ Այն յուրօրինակ ուխտատեղի կդառնա...

Այդ նույն օրը բոլոր այն երկրներում որտեղ ծնվել կամ թաղված են բարեսերները, տվյալ երկրի հայերը՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, Հայոց թեմի առաջնորդի, ինչպես նաև այդ երկրի իշխանությունների ներկայացուցիչների և բարեսերների ժառանգների և հարազատների մասնակցությամբ, իրենց երախտիքի խոսքը հայտնելու և ծաղիկներ խոնարհելու համար կայցելեն նրանց հիշատակին կանգնեցրած հուշաքանդակներին։

ԴՎայր՝ Գյումրի

Գյումրի քաղաքում տեղ հատկացնել այս բոլոր մարդկանց հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կամ հուշակոթողի կառուցման համար։

Արդարացումը՝

Հենց Գյումրիում է 20-րդ դարասկզբին եղել աշխարհի ամենամեծ որբանոցը, որտեղ ապաստան էին գտել Հայոց Ցեղասպանությունից հրաշքով փրկված շուրջ 30.000 որբուկներ։ Դեռ թարմ է Գյումրու վերքերն և Գյումրեցիների սրտում եղած երախտագիտությունը բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր 1988 թվականի սարսափելի երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին և անտարբեր չեղան իրենց ցավին։ Եվ Գյումրին էր, որ առաջին անգամ բացեց Խորհրդային Միության դռները օտարերկրացի մարդասերների համար։

ԵՍկզբունքները

Ծրագրի հիմնական սկզբունքներն են բարությունն ու մարդասիրությունը, որոնք կազմում են մարդկային արժեհամակարգի կարևոր մասը և կարող են ունենալ տարբեր դրսևորումներ՝ գթություն, կարեկցանք, հարգանք, հոգատարություն, սեր, արժանապատվություն և կամ՝ պարզապես՝ պատասխանատվություն։ Չափազանց կարևոր է այն գիտակցումը, որ Երկիր մոլորակը մեր բոլորի տունն է, և այն ամենն ինչ կատարվում է նրա վրա, առընչվում է բոլորիս։

Ծրագիրը սկզբունքորեն մերժում է բոլոր տեսակի կրոնական և ռասսայական խտրականությունները, քանզի նրա հիմքում ընկած է խաղաղասիրությունն ու մարդասիրությունը։

Ծրագիրը կոչված չէ անդրադառնալու բարեսերների աջակցության դրդապատճառներին (եթե անգամ դրանք կան), որոնք երբեմն արծածվում են որոշ մասնագետների կողմից, քանզի առավել կարևոր է տվյալ պահի նրանց գործունեության արդյունքը՝ պետականություն չունեցող, ոչնչացման եզրին գտնվող ժողովրդի բազմահազար զավակների կյանքերի փրկությունը։ Ամեն ինչից անկախ, ծրագիրը ներառելու է հայ ազգին իրենց ծառայությունը բերած բոլոր մարդկանց անունները։

ԶԱռանձնահատկությունները

Ծրագիրը յուրահատուկ է իր ձևով և բովանդակությամբ և պետք չէ այն նեռառել կամ միավորել որևէ այլ ծրագրի կամ հիշատակի օրվա մեջ, քանզի թերևս առաջին անգամն է, որ մենք հանդես ենք գալու որպես մեկ ընդհանուր հավաքական ազգ և միասնաբար մեր երախտագիտությունը հայտնելու մեզ օգնած մարդկանց։ Սա հումանիզմի բացառիկ դրսևորում է և այն ազգային արժեքը վերածում է համաշխարհային արժեքի։ Ծրագիրը մեծ խորհուրդ ունի իր մեջ և կարող է համամարդկային հարգանք ձևավորել մեր ազգի հանդեպ։

Ծրագիրն ունի մի շարք կարևոր առանձնահատկություններ, որոնք մինչ օրս չեն դրսևորվել ոչ մի իրականացված և իրականացվող ծրագրերում։

Մինչ այժմ չկա՝

  • բարեսերների կյանքի և գործունեության տվյալների մեկ միասնական բազա,
  • բարեսերների միասնական անվանացանկ,
  • տեղեկություն նրանց թվաքանակի մասին,
  • նրանց մասին հեռուստաշարի թողարկում,
  • հիշատակի մեկ ընդհանուր օր,
  • հիշատակի միջոցառումներ, որ մեր կողմից նշվեն նրանց ծննդավայերում,
  • նրանց հիշատակը հավերժացնող ոչ մի հուշակոթող,
  • տվյալներ նրանց ժառանգների մասին, կապ նրանց հետ,
  • բարեսերների անձնական իրերի հավաքածու։

Այս ծրագիրը գալիս է լրացնելու հարյուրամյա բացը և ինչու չէ նաև բարձրացնելու մեր հազարամյա ազգի իմիջը համաշխարհային հարթակում։

ԷԽնդիրը / խնդիրները

Ներկայումս մեզանում առկա են բազմաթիվ խնդիրներ և համոզված ենք, որ տվյալ ծրագրի իրականացման դեպքում դրանք կարող են հաղթահարվել։

Մասնավորապես՝

  1. Անհայտ են շատ «Նվիրյալների» թաղման վայրերը։
  2. Կորստյան եզրին են նրանցից ոմանց գերեզմանները, որոնք վերականգնման կարիք ունեն։
  3. Հասարակության մեջ անտարբերություն կա «Նվիրյալների» իրականացրած գործունեության հանդեպ, որը սեփական ժողովրդի պատմության ոչ բավարար իմացության հետևանք է։
  4. Ծրագրի իրականացման շուրջ մեր հայրենակիցների համախմբումը կարող է մեղմել հայրենիքում և նրա սահմաններից դուրս ապրող մեր ժողովրդի միջև գոյություն ունեցող անջրպետը, ավելի խորը գիտակցելով, որ մենք մեկ միասնական ազգ ենք, ունենք մեկ ընդհանուր ճակատագիր և ըստ այդմ էլ միասին պետք է անցնենք մեր համազգային առաջընթացի բարդ ճանապարհը։
  5. Բացակայում է կապը «Նվիրյալների» ժառանգների հետ, որի ստեղծումով մեր ժողովուրդը ձեռք կբերի նոր բարեկամներ աշխարհի բազմաթիվ երկրներում, որն էլ իր հերթին կարող է հիմք հանդիսանալ նոր, ավելի խորը դիվանագիտական հարաբերությունների հաստատման։

Իրականացվելիք գործողությունների նկարագրությունները և ժամկետները

Ծրագրի իրականացումը տարբեր փուլերում նախատեսում է տարաբնույթ գործողություններ, որոնք կոչված են ընդլայնելու այն հնարավորությունների շրջանակը, որոնք էլ նպաստելու են ծրագրի անխափան իրագործմանը։

NԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸԺԱՄԿԵՏԸ
1.Հանդիպումներ պետական պատկան կառույցների հետԾրագրի բովանդակության և նպատակի ծանոթացում2022 թ․-ի հոկտեմբերից
2.Ծրագրի ներկայացում ՀՀ կառավարությանըԾրագրի հաստատում2023 թ․
3.Հիշատակի օրվա ընդունումՀարգանքի տուրք-
4.«Նվիրյալներ» ժողովածուի տպագրումՀանրության իրազեկում2026 թ․
5.Ժողովածուի շնորհանդեսներԴեսպանների իրազեկում2027 թ.-ից սկսած
6.Կայքէջի բացումՆյութերի հանրայնացում2026 թ․
7.Փաստերի հավաքագրումՄիասնական բազայի հիմնումմշտապես
8.Նոր նյութերի հավաքումՏվյալների ամբողջացումպարբերաբար
9.Հուշահամալիրի կառուցումՀիշատակի պահպանում2028 թ․
10.Հեռուստաշարի թողարկումՀանրային իրազեկում2028 թ․
11.Հուշահամալիրի բացումԵրախտագիտության դրսևորում2030 թ․ հոկտեմբեր
12.Արտասահմանյան երկրներում հուշաքարերի տեղադրումՀիշատակի պահպանումսկսած 2027 թվականից
13.Արտ․ երկրներում հիշատակի արարողություններԵրախտագիտության դրսևորումամենամյա
14.«Նվիրյալների Ժառանգներ» միության ստեղծումՇնորհակալության արտահայտում, բարեկամության ստեղծում2027 թ․
15.Որբանոցների անվանումներով միությունների ստեղծումՀիշողությունների վերականգնում Բարեկամության ստեղծում2028 թ․
16.Բարեսերներին նվիրված թանգարանի կառուցումՀիշատակի հավերժացումապագայում

Արդարացումը՝

Իրականացվող գործողությունները միմյանց հետ խիստ շաղկապված են և կազմված են այնպես, որ յուրաքանչյուր կետի կատարումը իր հետ բերում է լրացուցիչ մեխանիզմներ և բավարար հիմք է նախապատրաստում դեպի մյուս կետին սահուն անցմանն ու ճանապարհ հարթում նրա դյուրին իրագործմանը։

ԸԱկնկալվող արդյունքները

Ծրագիրը շարունակական է և բաղկացած է մի քանի փուլերից։

1-ին փուլի իրականացումը, որը վերաբերում է հայ ժողովրդին օգնած օտարերկրյա բարեսերների հիշատակի հավերժացմանը և ներառում է 1894 – 1924 թթ․,

  • մեր ժողովրդին կծանոթացնի սեփական պատմության՝ իրեն անհայտ էջերին,
  • մեզանում կվերականգնի բարեսիրությունն ու մարդասիրությունը գնահատելու մշակույթը,
  • շուրջ 50 (հիսուն) երկրներում ամենամյա կատարվելիք հիշատակի արարողությունները կնպաստեն սփյուռքի մեր հայրենակիցների համախմբմանն ու մերձեցմանը,
  • կամրապնդի և կնորոքի հայրենիք-սփյուռք կապերը, սկիզբ դնելով նոր համագործակցությունների և միջազգային ծրագրերի միասնական իրագործման,
  • կնպաստի բարեդրացիական հարաբերությունների սերտացմանը այն երկրների հետ որոնց քաղաքացիներն են եղել «Նվիրյալները», ինչը հետագայում կարող է ծառայել մեր երկրի բազմաթիվ ոլորտների զարգացմանը,
  • Գյումրի քաղաքում հուշահամալիրի կառուցումը կնպաստի հանրապետության 2-րդ քաղաքի միջազգային ճանաչմանը, կխթանի զբոսաշրջության աճին, որն էլ իր հերթին կնպաստի քաղաքի զարգացմանը,
  • ավելի մոտիկից ճանաչել կտա մեր պատմությունն ու մշակույթը օտարներին,
  • կմիավորի տարբեր երկրների ինչպես հայ, այնպես էլ այլազգի պատմաբանների, որոնց գործունեությունն առընչվում է այս թեմային, համագործակցելու և միասնական ուսումնասիրություններ կատարելու համար։

2-րդ փուլի իրականացումը վերաբերում է ազգությամբ հայ բարեսերներին, ովքեր նույնպես անուրանալի ծառայություն են մատուցել մեր ժողովրդին և նույնպես ներառում է 1894 – 1924 թվականների ժամանակահատվածը։ Նրանց հիշատակը հավերժացնելուց և արժանին հատուցելուց բացի՝

  • ինքնաճանաչման հնարավորություն է մեր բոլորի համար, որը կվերականգնի հավատը և վստահությունը մեր հայրենակիցների հանդեպ,
  • ծրագրի կայքի միջոցով կապ կհաստատվի փրկված որբերի և «Նվիրյալների» ժառանգների հետ, որոնց միջոցով կհավաքագրվի և կայքում կզետեղվի իրենց պահպանած տեղեկությունները՝ կենսագրություն, օրագրեր, հուշեր, լուսանկարներ, փաստաթղթեր և այլն, որոնք կարող են նոր լույսի տակ ներկայացնել կատարված վայրագությունները՝ նոր, արժեքավոր տեղեկություններ ավելացնելով մեր ունեցածին,
  • «Նվիրյալների Ժառանգներ» միության ստեղծումը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայ ազգի առջև ծառացած նոր մարտահրավերներին օգտակար լինելու գործում,
  • հեռուստահաղորդումների շարքը հասարակության լայն շրջանակներին կտեղեկացնի բարեսերներից յուրաքանչյուրի կյանքի և գործունեության, նվիրումի և սխրանքի մասին։

3-րդ փուլի իրականացումը վերաբերում է 1924 թվականից մինչ մեր օրերը և՛ հայ և՛ օտարերկրյա բարեսերներին, ովքեր մեր ժողովրդի համար օրհասական պահերին մեր կողքին են եղել և իրենց հնարավորությունների սահմաններում արել են ամեն ինչ , որպեսզի մեղմեն մեր ցավը։

4-րդ փուլի իրականացումը նախատեսում է բոլոր բարեսերներին նվիրված թանգարանի կառուցում Գյումրի քաղաքում, որտեղ կպահպանվեն բարեսերների անձնական իրերն ու նրանց թողած հուշերը, կցուցադրվեն նրանց գործունեությանը վերաբերող նյութեր, նրանց մասին նկարահանված ֆիլմեր, կկազմակերպվեն հանդիպումներ նրանց ժառանգների հետ և այլն։

ԹԾրագրի իրականացման մշտադիտարկման և գնահատման սկզբունքները

Ծրագիրը բավական առաջընթաց է արձանագրել և ներկայիս փուլը թույլ է տալիս ասել, որ այն ընթանում է ճիշտ ուղղությամբ և գրեթե մոտ է իրագործմանը։ Ծրագրի մասին արդեն իրազեկված են լայն շրջանակներ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ I-ի բարձր հովանու ներքո ներկայումս հրատարակվում է «Նվիրյալներ․ Խղճի և մարդասիրության մոգերը» վերնագիրը կրող 820 էջանոց երկհատորյակ, որը ներառում է մոտ 300 բարեսերների մասին ամբողջական տվյալներ։ «Նվիրյալներ»-ից Բյուլ Մայրիկի գերեզմանը Գերմանիայում վերականգնելուց հետո մեր միությունը Ֆրանսիայում իր մասնակցությունն ու աջակցությունն է ունեցել Ադմիրալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի կիսանդրու բացմանն իր ծննդավայր Սան Շամասիում, ով 4092 Մուսա լեռան բնակիչների փրկեց ցեղասպանությունից։ 2026 թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիայի Օքսիտանիա մարզի մեր միության ղեկավարի առաջարկությամբ Մոնպելիեյի քաղաքապետարանը բացեց 1895 թվականին Տրապիզոնում Ֆրանսիայի հյուպատոս, Հայոց Ցեղասպանության ականատես Ալֆոնս Սիլիերի անվան անցուղին։

Ծրագրի իրականացման անհրաժեշտության, ժամանակի պատեհության, հասարակության դրական արձագանքի վերաբերյալ բոլոր կանխատեսումները համապատասխանում են իրականությանը։

Ծրագրի իրականացման արդյունավետությունն ապահովելու համար նախատեսվում է կատարել մշտադիտարկում, որն իրականացվելու է մեր միության անդամներից և ծրագրի իրականացման պատասխանատու անձանցից ստեղծված մշտադիտարկման հանձնախմբի կողմից պարբերաբար։

ԺՖինանսական միջոցները

Ծրագրի իրականացմանն անհրաժեշտ ֆինանսական միջոցները կարող են գոյանալ ինչպես ՀՀ կառավարության աջակցությունից, այնպես էլ տարբեր կազմակերպությունների և բարերարների ներդրումներից, ովքեր անտարբեր չեն մեր ժողովրդի պատմությանն ու միջազգային վարկանիշին։ Բացի հայ ներդրողներից ծրագրի իրականացման ֆինանսավարմանը կարող են մասնակցել նաև օտարերկրյա բարեգործական կազմակերպություններ, անհատներ և բարեսերների ու նրանց կողմից փրկված բազմաթիվ ժառանգներ։ Այդ նպատակի համար շուտով կստեղծվի հիմնադրամ։ Դրամական միջոցները կծախսվեն հետևյալ միջոցառումների համար՝

  1. Ժողովածուի տպագրում,
  2. Ժողովածուի շնորհանդեսներ տարբեր երկրներում,
  3. Հուշահամալիրի/հուշակոթողի նախագծում և կառուցում Գյումրիում,
  4. Հուշաքարերի տեղադրում օտար երկրներում,
  5. Թանգարանի կառուցում։